Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նադալը ֆանտաստիկ է թե՛ մասնավորապես, թե՛ ընդհանրապես

Նադալը ֆանտաստիկ է  թե՛ մասնավորապես,  թե՛ ընդհանրապես
10.06.2014 | 11:22

Երկու շաբաթ շարունակ աշխարհի ուժեղագույն թենիսիստները Ֆրանսիայի բաց առաջնությունում, որն աշխարհին հավասարապես հայտնի է «Ռոլան Գարոս» անունով, վիճարկեցին ուժեղագույնի կոչումը: Մասնակիցները (տղամարդկանց մասով) 128-ն էին: 128, թե պայմանական մեկ այլ թիվ, այս մրցաշարում երկար տարիներ վիճակն այսպիսին է՝ մասնակցում են շատերը, սակայն եզրափակիչ փուլ կանոնավորապես դուրս են գալիս Ռաֆայել Նադալն ու ինչ-որ մեկը, և այդ ինչ-որ մեկը, որ հաստատապես մեծ անուն է մարզաձևում, պիտի ջանա ապացուցել, որ իսպանացուց զատ, ինքն էլ գավաթը գլխից վեր պահելու ցանկություն ունի: Ի դեպ, սկսած 2005-ից, նման բան եղել է միայն մեկ անգամ՝ 2009-ին, երբ իսպանացին մրցաշարից դուրս մնաց քառորդ եզրափակիչ փուլում:
Այս անգամ առաջնության գլխավոր խաղում Նադալի մրցակիցը սերբ Նովակ Ջոկովիչն էր, ով եզրափակիչյան հաղթանակներ ունի Մեծ սաղավարտի բոլոր մրցաշարերում՝ բացառությամբ «Ռոլան Գարոսի» և ով նման մի փորձ արդեն իսկ արել էր երկու տարի առաջ ու, հասկանալի է, պարտություն էր կրել:
Հանդիպումը մանրամասների մեջ ներկայացնելը թերևս իմաստ չունի: ՈՒ դա ոչ նրա համար, որ անհետաքրքիր էր: Ոչ: Առաջին սեթում սերբն անգամ գերազանցեց իսպանացուն (6:3), սակայն հաջորդած երեքում Նադալն ամեն ինչ տեղը դրեց (7:5, 6:2, 6:4) ու իններորդ անգամ հաղթեց ֆանտաստիկ այս մրցաշարում՝ ցույց տալով ֆանտաստիկ խաղ՝ մասնավորապես, ֆանտաստիկ արդյունք՝ ընդհանրապես:
Կանանց մրցաշարը չափազանց տխուր ստացվեց ՈՒիլյամս քույրերի, Լի Նայի, Ագնեշկա Ռադվանսկայի, Անա Իվանովիչի, Կարոլինա Վոզնյացկու՝ մրցաշարում հաղթողի առավել հավանական թեկնածուների համար, ովքեր տարբեր հանգամանքների բերումով շատ ավելի վաղ փուլերում ստիպված էին խաչ քաշել իրենց մտադրությունների վրա: Այս պայմաններում շատ ավելի պինդ նյարդ դուրս եկավ ռուս Մարիա Շարապովան՝ քայլ առ քայլ հաստատունորեն մոտենալով գլխավոր նպատակին: Եզրափակչում նրա մրցակիցն առաջնությունում պարզապես փայլած ռումինուհի Սիմոնա Հալեպն էր, ով ավելի փորձառու մրցակցին ստիպեց հաղթանակի հասնելու համար ունեցած ամեն ինչը ներդնել: Իր մարզական կենսագրության մեջ Ֆրանսիայի բաց առաջնության կրկնակի հաղթող դառնալու համար ռուս թենիսիստուհուց պահանջվեց երեք սեթ (6:4, 6:7, 6:4):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 791

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ